Հունիսի 7-ը Վատիկան պետության ծննդյան տարեդարձն է։ Վատիկանն իր ներկա տեսքով ի հայտ է եկել 85 տարի առաջ՝ Իտալական Թագավորության և Սուրբ Աթոռի միջև կնքված Լաթերանյան պայմանագրերով։ Փաստաթուղթը Լաթերանյան առաքելական պալատում 1929թ. ստորագրել են կարդինալ Պետրոս Գասպարին և Իտալիայի վարչապետ Բենիտո Մուսոլինին։
Մինչև 1970թ. Պապերը կառավարել են Հռոմը և քաղաքին հարակից Ռոմանյա մարզը: Սուրբ Գահը ամեն կերպ հանդես էր գալիս Իտալիային միանալու դեմ: Միայն ֆրանսիացի կայսր Նապոլեոն 3-րդի տապալումից հետո Իտալական Թագավորությունը կարողացավ իրեն միացնել Պապերի մարզը, և մայրաքաղաքը Թուրինից տեղափոխել Հռոմ:
Գրեթե կես դար լարված էին եկեղեցու և քաղաքացիական իշխանություն հարաբերությունները: Պետության զիջումների արդյունքում կնքվեց Լաթերանյան պայմանագիրը, որի համաձայն՝ կաթոլիկությունը պաշտոնապես ստացավ պետական կրոնի կարգավիճակ, կառավարության ֆինանսական օգնություն և կրթական համակարգում հատուկ դեր: Պապերը ստացան նաև առանձին ինքնավար պետություն, թեև աշխարհում ամենափոքրը։ Այն ունի 44 հա տարածք: Մշտական բնակչությունը կազմում է շուրջ 800 մարդ, ներառյալ վատիկանական հպատակության 400 անդամներին։ Վատիկանը կաթոլիկ եկեղացու գլուխ գնած Հռոմի պապի նստավայրն է, ինչպես նաև՝ կաթոլիկական միջազգաջին կենտրոնը։
Պապին ցմահ ընտրում է կոնկլավը (կարդինալների հավաքը)՝ փակ գաղտնի քվեարկությամբ։ Պապին են ենթարկվում Վատիկանի բոլոր հաստատությունները, որոնց ղեկավարները նրա կողմից նշանակված կարդինալներն են։ Պետության ղեկավարը հրապարակում է օրենքներ, նաև բարձրագույն դատավորն է։ Վատիկանի կառավարությունը գլխավորում է Պապի նշանակած պետական քարտուղարը։ Վատիկանն ունի իր «զինված ուժերը»՝ շվեյցարացիների (110 հոգի) պահակախումբ (կազմավորվել է 1527 թվականին), որի զինվորները և սպաները ծառայում են 2–20 տարի։ Դարերի ընթացքում նրանց համազգեստը փոփոխություն չի կրել, և դա է պատճառը, որ միջնադարյան համազգեստներով պապական զինվորները մշտապես գրավում են Վատիկան այցելող հյուրերի և զբոսաշրջիկների ուշադրությունը։
Պետության տնտեսական հիմքը հանդիսանում են կապիտալ ներդրումներից ստացվող եկամուտներն ու հավատացյալների նվիրատվությունները։Վատիկանն աշխարհի խոշորագույն բաժնետերերից է և խոշոր կապիտալ ունի՝ ներդրած շատ երկրներում։ Չափազանց եկամտաբեր է նաև միջազգային զբոսաշրջությունը։
Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ կաթոլիկ եկեղեցին՝ Սուրբ Պետրոսի տաճարը։ Սուրբ Պետրոս տաճարի հյուսիսային պատի խորշում տեղադրված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը, իսկ մերձակա հրապարակներից մեկը 2008 թվականին կոչվել է նրա անունով։ Վատիկանի երկրորդ մեծ տաճարը Սիքստինյան մատուռն է։ Վատիկանն ունի Եվրոպայի ամենահզոր ռադիոկայաններից մեկը, որը հաղորդումներ է արձակում բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերեն։ Այդ պետությունը աշխարհի տարբեր երկրներում ավելի քան 50 լեզվով հրատարակում է 1600 թերթ ու ամսագիր։